ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

...ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՆՐԱՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ

...ՈՒՐԵՄՆ ԻՆՉՈ՞Ւ ՆՐԱՆ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ
02.02.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում գարունն ավելի մոտեցավ, թեպետ եղանակը հավակնում է դեռ ձմեռային լինելու, քաղաքականության մեջ էլ ո՛չ ձմեռ է, ո՛չ գարուն, Հայաստանին առնչվող կենսական խնդիրների շուրջ թեթև հրաձգություն է, իսկ դրությունը մնում է անփոփոխ: Լա՞վ է, թե՞ վատ` նայած ով ինչ է ուզում:
Հունվարի 25-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ի նախագահ ընտրվեց Թուրքիայի ներկայացուցիչ Մևլութ Չավուշօղլուն: Երկու տարով: Խիստ եվրոպական և խիստ խելամիտ դիվանագիտություն. եթե հիմա Թուրքիայի նախագահը, վարչապետը, արտգործնախարարը կամ էլի ինչ-որ մեկը հայտարարեն, որ եվրոպական կառույցները Թուրքիայի նկատմամբ վարում են մերժողական քաղաքականություն, ո՞վ կհավատա, երբ թուրք է ԵԽԽՎ-ի նախագահը: Ինչպես միշտ` Հին աշխարհը մի ձեռքով տալիս է իրեն ոչ անհրաժեշտը, մյուս ձեռքով վերցնում է անհրաժեշտը: Թուրքերը դա հասկանում են ու փորձում են իրենց տրված ոչ անհրաժեշտը վերածել անհրաժեշտի: Փոփոխական հաջողությամբ: Հայերը չեն հասկանում` անփոփոխ հաջողությամբ: Արդարամիտ հայերը ճշմարտության որոնումների հույսը երկրից կտրած` եվրոպաներում որոնելով` փորձում են եվրոպական քաղաքականությունն ուղղորդել ճշմարիտ հուն: Օրինակ` որ ԵԽԽՎ-ի նախագահ չի կարող լինել այն երկրի ներկայացուցիչը, որը մոնիտորինգի տակ է կամ հետմոնիտորինգային գործընթացում: Սուրբ անմեղություն, ո՞ւմ է դա հետաքրքրում: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, որը չկարողացավ անհրաժեշտ ստորագրություններ հավաքել համապատասխան օրինագծի տակ, ինչն անհնար կդարձներ Չավուշօղլուի ընտրությունը: Չկարողացավ, որովհետև այդ ընտրությունը ԵԽԽՎ-ում կատարվելուց առաջ կատարվում է համաեվրոպական քաղաքականության կենտրոններում: Բնականաբար: Բայց Զարուհի Փոստանջյանի` ԵԽԽՎ-ի պատվիրակության անդամի կարգավիճակը վերականգնելու ազնիվ պոռթկումը փայլուն հնարավորություն տվեց ԱԺ պատվիրակությանը` չմասնակցելու թուրք նախագահի ընտրությանը: Նաև Կիպրոսի բարեկամ խորհրդարանի պատգամավորի շնորհիվ: Եվ հիմա արդեն ոչ ոք չի մտածի ու հարց չի բարձրացնի` ինչո՞ւ հայերը գնացին ու թուրքին նախագահ ընտրեցին: Եվ երբ պետք էր` Հայաստանի պատվիրակների լիազորությունները հաստատվեցին:
Աշխարհի յոթ հրաշալիքներն իր նախագահության ընթացքում տեսնելու կարգախոսով` ԱԺ նախագահը բոլորովին վերջերս երջանկացրեց եգիպտական բուրգերը: Իհարկե, նրա բախտը էլի չբերեց, որովհետև Ալեքսանդրիայի փարոսը, առանց նրա հետ համաձայնեցնելու, դադարեցրել էին իր նշանակությամբ կիրառելուց, ու նա ստիպված էր բավարարվել փարավոնների մումիաներով ու դամբարաններով: Ոչ միայն քաղաքական գործչի համար, ընդհանրապես էլ մեծ խելք պետք չէ` հասկանալու, որ հայ-եգիպտական խարխուլ, պատահական կապերը հիմա արդեն գլխապտույտ արագությամբ զարգանալու են. ԱԺ տարածքում խոստացված-չկառուցված էլիտար եկեղեցու տեղում, Կահիրեում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, արդեն սկսվել է անհայտ փարավոնի բուրգի շինարարությունը, որը կդառնա հայ-եգիպտական անքակտ հարաբերությունների խորհրդանիշ դարերի համար:
Բայց այցն ունեցավ նաև շատ գործնական նշանակություն. ներշնչված փարավոնների փառահեղ գործերով` Հովիկ Աբրահամյանը վերադարձավ Երևան ու որոշեց իր ձեռքը վերցնել նախագահի նախաձեռնողական արտաքին քաղաքականության իրականացման ղեկը, որ անփութության, թե մոռացկոտության պատճառով պարբերաբար ձեռքից գցում է քաղաքակիրթ Էդիկ Նալբանդյանը: ՈՒ ինչ չի հաջողվում Նալբանդյանին, հաջողվեց Աբրահամյանին: Միանգամից: Մի զանգով: Ինչպե՞ս: Այսպես` ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ԵԽԽՎ-ի նորընտիր նախագահն ասել էր. «Տարածաշրջանում գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ: Գոյություն ունի խնդիր Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ հարցով ԵԽ-ի փաստաթղթերում արձանագրվում են ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը և ղարաբաղյան չլուծված հակամարտության առկայությունը: ԵԽ-ի որոշումներում Ղարաբաղը նշվում է Ադրբեջանի սահմաններում` որպես Ադրբեջանի տարածք: Այդ հակամարտությունը տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկն է: Այն նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը խոչընդոտող հիմնախնդիրներից է: Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ թուրք եմ, այլ որովհետև դա է իրականությունը»: Ոչ մի նորություն, ոչ մի զարմանալի հայտնություն, ընդամենն այն, ինչ անընդհատ ասում են ադրբեջանցիներն ու թուրքերը տարբեր իրավիճակներում ու կարգավիճակներում: Ավելին, կասկած չկա, որ Չավուշօղլուն այդպես էլ մտածում է: Բայց զանգահարեց նրան Հովիկ Աբրահամյանը, և Չավուշօղլուն տեղնուտեղը զղջաց ու հավաստիացրեց, որ իրեն վերագրվել են հայտարարություններ, որոնք ինքը չի կատարել, որոնք հետևանք են թերի թարգմանության և ադրբեջանցի լրագրողի թյուրըմբռնման: Տեսնո՞ւմ եք` ինչպես է գործում բուրգերի էներգետիկան: Ճիշտ է, նախքան Ստրասբուրգ զանգահարելը Հովիկ Աբրահամյանն արդեն գիտեր Չավուշօղլուի պատասխանը. նախորդ օրը Չավուշօղլուն ընդունել էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանն ու ասել էր նույնը: Բայց կարևորը դա չէ, կարևորը` որ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության համակարգող է. կոալիցիոն խմբակցությունները հունվարի 27-ին աշխարհացունց հայտարարություն էին արել, որով, ընդդեմ «կանխակալ» թուրքի, պահանջել էին ԱԺ նախագահից` ճշտել հարցազրույցի իսկությունը և «լրջորեն քննարկել Չավուշօղլուի նախագահության շրջանում ԵԽԽՎ-ի աշխատանքներին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու հարցը»: Փաստորեն, ԱԺ նախագահը մի զանգով լուծեց և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքական խնդիրները: Եվ ինչո՞ւ նրան չեն վստահում Ղարաբաղի հարցի լուծումը: Իսկ որ Հայաստանը կարող է երկու տարով իր մասնակցությունը ԵԽԽՎ-ի աշխատանքներին «սառեցնել», համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից շատ ավելի ազդեցիկ սպառնալիք է և շատ ավելի երկար ժամանակով կազմալուծելու է ոչ միայն այդ կառույցի գործունեությունը, այլև իրար է խառնելու ամբողջ Եվրոպան:
Փառք Աստծո, որ նման հզոր մարդիկ շատ են Հայաստանում: Օրինակ` Գագիկ Ծառուկյանը: Հզոր և անկանխատեսելի: Հատկապես նախարարների դեպքում: Հունվարի 29-ին Արմեն Գրիգորյանը նախագահի հրամանագրով ազատվեց սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից, և նախարար նշանակվեց Արթուր Պետրոսյանը: Սպորտում, իհարկե, ոչինչ չի փոխվի, «երիտասարդությունն» էլ ո՛չ կկործանվի, ո՛չ կփրկվի: Բայց հերթական անգամ բոլորը հասկացան` ինչ կարող է անել Գագիկ Ծառուկյանը ցանկության դեպքում: Նախարարական տուն-տունիկը ո՞ւմ հերթական «պապա» կնշանակի, կարևոր չէ: Ցավալի է պետական կառավարման համակարգի արժեզրկումը:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն ընդունել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին և ասուլիսում է. «Եվրաանդամակցության համար մենք գործնականում դիմել ենք 1954-ին, իսկ պաշտոնապես` 1963-ին։ Գրեթե 50 տարի տևած գործընթաց է։ Այդ ողջ ընթացքում Թուրքիան սպասում է իր դիմումի արդյունքին։ Այն ժամանակ Եվրամիության անդամ էր 15, իսկ այժմ արդեն` 27 պետություն։ Բայց ոչինչ, մենք համբերատար ենք։ Մենք լավ աշխատում ենք սերտել մեր դասերը։ Առաջ ենք մղում գործընթացը։ ՈՒ դա կտևի մինչև այն պահը, երբ Թուրքիային կասեն` քեզ չենք ընդունում։ Այդ որոշումից հետո մենք մեր գլխի ճարը կտեսնենք։ Թուրքիան ինքնաբավ երկիր է։ Իսկ առայժմ նույն վճռականությամբ և հաստատակամությամբ շարունակում ենք մեր ճանապարհը»:
Հունվարի 26-ին թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավուդօղլուն ասել է. «Եթե Թուրքիայի իշխանությունները համոզվեն, որ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը չի հակասում կողմերի միջև նախապես ձեռք բերված համաձայնություններին և չի փոխում արձանագրությունների բովանդակությունը, Անկարան ևս առաջընթաց քայլ կկատարի վավերացման ուղղությամբ: Մենք Հայաստանից հստակ բացատրություններ ենք ակնկալում Սահմանադրական դատարանի որոշման առնչությամբ»: Նրա գնահատականով` ՍԴ-ի վճռի պրեամբուլան «սահմանափակող դրույթներ և նախապայմաններ է պարունակում»: «Մենք դեմ ենք, որ նախապայմաններ դրվեն կամ նախապատվություն սահմանվի արձանագրություններում ամրագրված դրույթներից մեկի կամ մյուսի նկատմամբ: Մենք չենք կարող ասել` եկեք բացենք սահմանը, հետո քննարկենք մյուս հարցերը: Դա հակասում է արձանագրությունների փիլիսոփայությանը: Մենք ուզում ենք, որ արձանագրություններում ամրագրված բոլոր տարրերը ուժի մեջ մտնեն միաժամանակ»: «Ի՞նչ կանի Թուրքիան, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը կրկին բարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը» հարցին Դավուդօղլուն պատասխանել է. «Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած անակնկալի: Այնուամենայնիվ, ես նման զարգացում չեմ սպասում: Ակնհայտ է, որ եթե ԱՄՆ-ում կամ Կոնգրեսում ինչ-որ փաստաթուղթ ընդունվի, որը կմեղադրի Թուրքիային, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կձախողվի` չնայած մինչ օրս ներդրված բոլոր ջանքերին»:
Իսկ հունվարի 29-ին Լոնդոնում նա հաստատել է. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չպետք է տուժի: Մենք կանենք այն ամենը, ինչ կարող ենք: Մենք ուշադրություն չենք դարձնի հնչող քննադատությանը, քանի որ հավատում ենք, որ ճիշտ ենք վարվում»: Նա հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ընթանա այն մեկնաբանությունների հունով, որոնք դեմ են «ստորագրված արձանագրությունների ոգուն և էությանը», արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվի: «Հայ-թուրքական հարաբերությունները շատ դժվար փուլերով են անցել, մենք այսօր հասել ենք ինչ-որ կետի: Բարդ փուլերի միջով անցած կարգավորման գործընթացի ներկա փուլը չպետք է տուժի: Որպեսզի կարգավորման գործընթացն ամրապնդվի, փոխադարձ բարի կամքի դրսևորում և քաղաքական կամք է անհրաժեշտ ցուցաբերել: Մենք հինգշաբթի շատ բաց հանդիպում ունեցանք պարոն Նալբանդյանի հետ: Հայկական կողմը իրազեկ է մեր մտահոգություններին»,- ասել է Դավուդօղլուն: «Եղել է կարճատև զրույց` ոտքի վրա: Նման զրույցներ Լոնդոնում նախարարն ունեցել է 10 երկրների նախարարների հետ»,- պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարարությունը և ճշտել, որ Էդվարդ Նալբանդյանը Մյունխեն չի մեկնելու և Դավուդօղլուի հետ չի հանդիպելու` հակառակ «Hurriyet Daily News»-ի տեղեկության, որ 15-րոպեանոց զրույցում նախարարները պայմանավորվել են հանդիպել Մյունխենում և շարունակել ՀՀ ՍԴ-ի որոշումից հետո ստեղծված իրավիճակը քննարկել:
Փետրվարի 1-ին սկսված ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված չեն Ցյուրիխում ստորագրված երկու արձանագրությունները:
Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել «The Wall Street Journal»-ին` նշելով. «Տարածաշրջանում ընդհանուր ըմբռնում կա, որ առաջին քայլը Հայաստանը պետք է կատարի` սկսելով ազատել գրավյալ տարածքները»: Ալիևը վստահ է, որ «Անկարան չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ գրավյալ տարածքները չեն վերադարձվել Ադրբեջանին», և այդ «մոտեցումը խնդրին» նրան լիովին գոհացնում է:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ